Սոված կմնար, բայց անարժանի հետ պատառ չէր կտրի… Մեծանուն հայ, ով բոլորինն էր…

Բոլորն էին ձգտում Շիրազին: Շիրազին էր գալիս նա, ով մի կաթիլ ուրախություն ուներ. կաթիլը կծովանար, ծով ուրախության մեջ կփառավորվեր: Շիրազին էր գտնում, ով վշտի ծով ուներ. ծովից մի կաթիլ կմնար:Մեղավորները հանդիպում էին Շիրազին՝ մեղքերը քավելու զգացումով: Ով խավարի մեջ էր, հաղորդվելով Շիրազին, լույսի մեջ էր հայտնվում: Անհույսը հույսի էր գալիս, անպաշտանը պաշտպանված էր զգում Շիրազի կողքին: Շիրազը բոլորինն էր, և բոլորն էին Շիրազինը:Շիրազն ասում էր՝ բառը պիտի բերնից դուրս գա այնպես, ինչպես թռչունն իր բնից: Ինքն այդպիսին էր, նրա բառն այդպես էր. թևավոր էր աշխարհ մտնում: Իր խոսքը պիտի ասեր, բայց դրա համար պիտի անջատվեր այս աշխարհից ու գնար դեպի Գալաքտիոնի աշխարհը: Հիմա էլ տեսնում եմ մագաղաթյա ձեռքը՝ մատներն իրար բերած, տեսնում եմ դեպի իր հոգու խորքը տարած աչքերը, կնճիռ դառած, մռայլված հանճարաբույր ճակատը: Ձեռքը քունքին էր տանում, կարծես մատներով պիտի հաներ միտքը:

Չէր սիրում օգտվել ճոխ սեղաններից. հացը քիչ պիտի լիներ, մի կտոր, բայց Քրիստոսի հացի նման՝ որքան կտրեիր, չվերջանար: Սոված կմնար, բայց անարժանի հետ պատառ չէր կտրի: Համտես չէր անի մի պատառ խորոված, եթե գառանը իր աչքի առաջ էին մորթել: Շիրազը նա էր, որին ոչ ոք չէր կարող վիրավորել, ոչ ոք չէր կարող դիպչել նրա արժանապատվությանը, որովհետև անարժանից պոկվում, հեռանում էր այնպես ու այնքան, ինչքան երկինքը՝ հողից:Միտքը փայլատակում էր ակնթարթում: Շիրազը միշտ էր գտնում պատասխանը: Երբ խոսք էր լինում մեծերի մասին, առանձնացնում էր միշտ Մաշտոցին: Մի անգամ էլ հերթով ներկայացնում է պատին փակցված մեծերին: «Բա Մաշտո՞ցը»,_ հարցնում են:
_ Էդ բոլորին դնես կշեռքի մի թաթին, իսկ մյուսին՝ Մաշտոցին, էլի նժար նժարի չի գա Մաշտոցինը ծանր կլինի:
Դերասան Ազատ Գասպարյանը թե՝ Շիրա՛զ, քեզ էլ որ դրած լինենք…

_ Ո՛չ, ո՛չ, ես կշեռքը բռնողն եմ,_ հումորի ծուղակից հանճարեղորեն իրեն դուրս բերեց հանճարեղը:
Երբեմն-երբեմն մտածել եմ՝ Շիրազը որ կար, բնություն էր, բնությունն էլ՝ Շիրազ: Նա հավասար էր նայում դաշտ ու սարին, պտղին ու տերևին, ծաղկին ու փշին, խոսողին ու համրին: Բոլորին տեսնում էր, բոլորին լսում, բոլորի հետ բոլորի լեզվով խոսում էր:

Նրա խոսելը հաղորդում էր: Հաղորդվում էր նա: Նրա համար վերն ու վարը բանաստեղծություն էին՝ մեկը մեկին շարունակող, մեկը մեկին լրացնող…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս