Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ Հերհեր գյուղում 59-ամյա քաղաքացի է զոհվել․ Արցախի ՄԻՊ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ:

Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:

Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս