Լուիշ Ֆիգուն Հայաստանում է․ աշխարհահռչակ ֆուտբոլիստը՝ «Բարսելոնա»-ից հեռանալու, Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին․

2018 թվականին Լեգենդների ֆուտբոլային խաղին մասնակցելուց հետո Լուիշ Ֆիգուն նորից Հայաստանում է։ Պորտուգալիայի հավաքականի ու Ոսկե գնդակի հաղթող կիսապաշտպանի այս անգամվա այցը աշխատանքային է, նա դարձել է Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադորը: Ֆիգուն մի քանի կարեւոր ֆուտբոլային հարցերի է անդրադարձել, որոնցից առանձացրել ենք հետեւյալը. «Կարիերայիս որոշակի հատուկ պահերն առանձնացնելը դժվար է ինձ համար: Փոքր տղա էի ու շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, երազում էի լավ ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց անգամ պատկերացնել չէի կարող, որ նման մակարդակի կկարողանամ հասնել: Ֆուտբոլում ու կյանքում ամեն ինչ մարդկանցից է կախված, թիմային հաջողության հասնելն էլ առավել կարեւոր է: Առաջին տեղում միշտ նվիրումն է, ավելիին ձգտելու ցանկությունն ու բարձունքում հայտնվելը:

Թիմում չափազանց կարեւոր է նաեւ պատասխանատվություն ունենալը: Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ լավագույն ակումբներում եւ ուժեղ թիմակիցներ ունենալ: Լավագույնների կողքին եմ ելույթ ունեցել՝ Ռոնալդոյի, Պեպ Գվարդիոլայի, որոնք այն պահին անգերազանցելի էին, շատերի անունները կարող եմ նշել: Բայց թիմում բոլորն են կարեւոր՝ պաշտպանից մինչեւ հարձակվող: Ինձ բախտ չի վիճակվել հանդես գալ Անգլիայում, բայց եթե ստացվեր, շատ կուզեի խաղալ «Լիվերպուլ»-ում, որն այնքան լավ հանդիպումներ էր անցկացնում, երբ փոքր տղա էի ու տպավորել է ինձ: Ֆուտբոլի մասին կողքից խոսելը շատ ավելի հեշտ է, քան խաղալը: Իհարկե, հիմա այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որովհետեւ կյանքն ու տեխնոլոգիաներն են արդեն ուրիշ: Տարբերություն կա հիմնականում մարզումների առումով, հիմա ֆուտբոլիստների համար ինֆորմացիան ավելի հասանելի է, մարզագույքն էլ լրիվ ուրիշ: Ես այլ մարզակոշիկներով եմ հանդես եկել, քան ներկայիս խաղացողները: Բայց էմոցիաների ու հույզերի առումով ֆուտբոլում ոչինչ էլ չի փոխվել: Օրեր առաջ Netflix-ը ցուցադրեց իմ մասին նկարահանած «Ֆիգուի գործը. Տրանսֆեր, որը փոխեց ֆուտբոլը» ֆիլմը: Նախկինում երբեք այդ մասին չէի խոսել ու անդրադարձել կատալոնական ակումբից «Ռեալ» տեղափոխության մասին: Բայց ուզում էի, որ մարդիկ ու դուստրերս իմանան, թե իրականում ամեն ինչ ինչպես է տեղի ունեցել:

22 տարի անց բոլորը ծանոթացան իրական պատմությունը: Եթե մնայի «Բարսելոնա»-ում, գուցե, որոշակի նվաճումների հասնեի, բայց ամեն դեպքում հեռանալը ճիշտ էր ու մի քայլ առաջ իմ կարիերայում: Տեղափոխվում էի առանց իմանալու, թե նոր տեղում ինչպես կհարմարվեմ, մարտահրավեր էր ինձ համար, որը շատ էր պետք առաջ շարժվելու տեսանկյունից: Նման բաներն են մեզ զգոն ու սթափ պահում կյանքում, հիմա գիտեմ, որ արժեր այդ ամենի միջով անցնել, որովհետեւ Մադրիդում նոր հաջողությունների հասա: Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին, այն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: Միշտ կարեւոր է, որ հայ ֆուտբոլիստները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում: Դա, միանշանակ, կօգնի նաեւ Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել: Ցավոք, հայկական ֆուտբոլի մասին շատ տեղեկություն չունեմ, խաղերին չեմ հետեւում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Բայց իմ փորձից ելնելով կասեմ, թե ինչ է պետք անել, որ հնարավոր լինի հաջողության հասնել: Ցանկացած ձեռքբերում կատարած աշխատանքից ու տաղանդից է կախված: Պետք է լավ առաջնություն ունենալ ու այնպես անել, որ խաղացողները ձեռք բերածով չբավարարվեն»:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս