Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել այս տարածաշրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո։ «Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա իր խոսքում անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ երախտապարտ են այս զորակազմի կայունացնող դերն ընդունելու համար:Բացի այդ, Լավրովը գոհունակություն է հայտնել հունիսի երեքին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Լավրովի խոսքով՝ քննարկվել է նաև ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեման: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, ինչպես նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը: