Այսօր Մասիս քաղաքի լավագույն բարեկամ Հրանտ Վարդանյանի մահվան տարելիցի օրն է: Մարդ, ով մեծ ներդրում է ունեցել մեր համայնքի զարգացման գործում: Բարերարի գործը շարունակում են նրա որդիները:
Խորհրդանշական այս օրը հերթական նվերը մատուցվեց Մասիս քաղաքին՝ բացվեց եվրոպական չափորոշիչներին համապատասխան կառուցված ու բարեկարգված, Հրանտ Վարդանյանի անունը կրող փողոցը, որի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Վարդանյան եղբայրներին՝ կարևորելով այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են Մասիս քաղաքում Հրանտ Վարդանյանի և նրա որդիների կողմից:
Համայնքի ղեկավարը մեծագույն ձեռքբերում համարեց նաև այն, որ քաղաքում գործող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո» և «Գրանդ Մաստեր» ընկերությունների շնորհիվ հարյուրավոր բնակիչներ ապահովված են աշխատանքով և հույս հայտնեց, որ բարեկամական և համագործակցային հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ:
Բացման մասնակիցները քայլեցին փողոցի երկայնքով, քննարկեցին արված աշխատանքները, առաջիկա անելիքները: