Ամերիկացի մի պաշտոնյա մի շարք մանրամասներ է հայտնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցման հարցում Վաշիգտոնի ջանքերի մասին։որ պաշտոնյան անանունության պայմանով լրագրողների հետ զրույցում կրկնել է ԱՄՆ-ի նախկին կոչերը՝ ավելի անմիջական ներգրավվածություն ցուցաբերելու՝ Երևանի և Բաքվի միջև կայուն լուծման հասնելու համար, բայց նաև քննադատել է Հայաստանի ներսում իրականացվող գնդակոծությունները:
«Մենք պետք է մտածենք նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության մասին, որը եղել է այս հակամարտության կարևոր տարրը։ Բայց կարծում եմ, որ այս շաբաթ նաև աչք էր զարնում ինքնիշխան Հայաստանի տարածքի գնդակոծման հետ կապված մտահոգությունը»,- ասել է պաշտոնյան: Խոսելով վերջին հրադադարի հարցում Ռուսաստանի դերակատարման մասին՝ պաշտոնյան նվազեցրել է Մոսկվայի դերը։ «Ես կասեի՝ մենք չենք տեսնում որևէ նշան, որ ռուսական ջանքերը նպաստել են այս շաբաթվա վերջին հրադադարի ապահովմանը»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան:
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կքննարկի Ադրբեջանի ռազմական օգնության կրճատումը այն բանից հետո, երբ Բաքուն այս շաբաթ հարձակվել է Հայաստանի տարածքների վրա, պաշտոնյան նշել է, որ դեռ վաղ է ասել: «Մենք դեռ սկզբնական շրջանում ենք, և կարող եմ ասել, որ մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել տեղում: Պատճառը դա է, որ մեր կոչն ի սկզբանե եղել է բռնության անհապաղ և լիարժեք դադարեցումը»,- ասել է պաշտոնյան։ Նա նշել է, որ հիմա ավելի շատ կենտրոնացած են այն խնդրի ուղղությամբ, որ երկու կողմերն էլ պահպանեն այդ հրադադարը։