Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կախված է հայ-ադրբեջանական բանակցություններից. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։

«Տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրից։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այս առումով ողջունում ենք ԵՄ–ի ներգրավվածությունը»,–ընդգծեց Զուրաբիշվիլին։Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումից է կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են տարածաշրջանին։ Դրանք, ըստ Վրաստանի նախագահի, ապագայի հեռանկարներ կստեղծեն։Զուրաբիշվիլին հավելեց, որ Խաչատուրյանի հետ հանդիպմանն ընդգծվել է տրանսպորտային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձել են նաև այն հարցին, որ Վրաստանում ապրող հայերը կարողանան պահպանել իրենց լեզուն։ Զուրաբիշվիլին նշեց` Վրաստանում գտնվող հայկական և ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների խաղաղ համագոյակցությունն օրինակ է Կովկասի տարածաշրջանի համար։

Հիշեցնենք, որ սա Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։ ՀՀ նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս