ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութներ, միջանկյալ պետություն չկա։
«Աշխարհը փոխվում է և արագ է փոխվում: Եվ ինչ-որ առաջնորդության հավակնելու համար, էլ չեմ խոսում համաշխարհային առաջնորդության մասին, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնոս պետք է ապահովի իր ինքնիշխանությունը: Որովհետև միջանկյալ պետություն չկա կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ, ինչ էլ որ այս պահին դնեք գաղութների անվանումը»,- ասել է ՌԴ ղեկավարը::
Պուտինի խոսքով, գաղութները կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գոյատևելու հնարավորություն չունեն։ «Եթե մի երկիր կամ երկրների մի խումբ ի վիճակի չեն ինքնիշխան որոշումներ կայացնել, դա արդեն որոշակի չափով գաղութ է, իսկ գաղութը չունի պատմական հեռանկարներ, և նաև նման կոշտ աշխարհաքաղաքական պայքարում գոյատևելու հնարավորություն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ չի ցանկանում կոնկրետ երկրների անուններ տալ «որևէ մեկին չվիրավորելու համար», սակայն հավելել է, որ աշխարհաքաղաքական պայքարը միշտ էլ եղել է։