Արարատ Միրզոյան . «Պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցության ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին:»

Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական պարբերականին, որը ներկայացված է ստորև.

Հարց․ Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում:

Պատասխան․ Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում և աշխարհում։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների հազարամյակների ընդհանուր պատմությունն ու արժեքները, բարեկամությունն ու համերաշխությունը։ Դարեր շարունակ հայերն ու հույները խաղաղ ապրել են կողք կողքի, համագործակցել՝ արժեքներ ու բարեկեցություն ստեղծելու համար, և միասին պայքարել արտաքին կեղեքիչների դեմ: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ծանրագույն ժամանակաշրջաններում, ինչի ամենավերջին օրինակը 2020 թվականի պատ-երազմն էր։

Այս տարի նշում ենք մեր հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Մենք զարգացրել ենք ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ծանրակշիռ երկկողմ օրակարգ՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն բազմակողմ հարթակներում: Հունաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ես շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ու խորքային քննարկումներ իրականացրել իմ գործընկեր և լավ բարեկամ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցել և ընդհանուր փոխըմբռնման հասել մի շարք կարևոր հարցերի շուրջ. կշարունակենք աշխատել մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Ես նաև կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը զգալիորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք կաշխատենք այս ուղղությամբ։

Հարց. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Հետագայում ինչպե՞ս կարող են զարգանալ այս հարաբերությունները:

Պատասխան․ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։

Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվ-տանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատ- ապարտված է հաջողության։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս