ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։ 5 րոպե անց կրկին Համբարձումյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը վտանգավոր պահ ունեցավ, բայց հեռվից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Ի վերջո, 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։
Վերջնամասն անցավ Իռլանդիայի թիմի անդադար գրոհներով, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ արդյունավետ պաշտպանվել եւ գոլ բաց չթողնել։
Հյուրերն ընդհանուր առմամբ՝ 13 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ, միայն 3-ը՝ դարպասին էր։ Հայաստանի թիմի 7 հարվածից 3-ը ուղիղ դարպասին էր։
B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։
Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։