Ադրբեջանիցերը կրկին հայերի դեմ են աշխատում․ Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ կեղծիքներ պարունակող տեսանյութի մասին

Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ Այս մասին հայտարարել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:«Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր, ըստ նրանց հետնորդների, ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։1992 թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը գրավել է Մեհմանա գյուղը՝ ողջ Մարտակերտի շրջանի հետ, նրա հույն բնակիչներին հազարավոր հայերի հետ ստիպելով լքել իրենց օջախները»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Արցախի Հանրապետության հունական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար և Արցախում հայտնի հեռուստալրագրող Սոֆի Իվանիդիսը, ում ծնողները Մեհմանայից են, պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, և կառավարությունն ընդառաջել է նրանց: 1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության փաստաթուղթը: «Մենք մնացել ենք Արցախում և բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը և պատվով հաղթել»։Մեհմանան մեկ տարի անց ազատագրվել է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեհմանացիները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հիմնովին ավերված գյուղը վերակառուցվել է և հույներից ոմանք վերադարձել են, այդ թվում Սոֆի Իվանիդիսի 80-ամյա պապը՝ Նիկոլա Իվանիդիսը, ով հայրենի գյուղում 15 տարի անց կնքել է իր մահկանացուն։«Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ վկայակոչվող եկեղեցին Մարտունու շրջանի Գևորգավան տեղանքում գտնվող ռուսական եկեղեցի է, որն, ի դեպ, խոցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած առաջին պատերազմի, այնուհետ նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հնարավորություն չտալով այն վերականգնել։

Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին, ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի տան շենքը։CBC TV հեռուստաալիքի տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ պետության կողմից 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերից և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությունից, ինչի առնչությամբ 2022թ մարտին Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» վերտառությամբ բանաձև է ընդունել։

Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը կոչված է փոխակերպելու հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ։Ադրբեջանն այսպիսի քայլերով շարունակում է մարտահրավեր նետել ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու և հետագա վանդալիզմից փրկելու նպատակով այսօր առավել քան հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, որի փաստահավաք առաքելությանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել»,- նշված է Հունաստանում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս