Հայաստանի տիեզերական արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության համար

ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց , որ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման համար.

«2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության երկրագիտության և այլ ոլորտներում: Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը:» , — ասել է վարչապետը:

Նշենք , որ 2022 թվականի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթ-իռnվ թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս