Մևլյութ Չավուշօղլու. «Հայաստանից կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել»

Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Եվ Ադրբեջանը, և Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ։ Բացի այդ, ստեղծվել է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողով, իսկ «ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ»։

Չավուշօղլուի պնդմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիան խաղաղություն է ուզում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս