Արցախի մասին ֆիլմը Կանադայում կայացած կինոփառատոնում հաղթեց 4 անվանակարգերում . (տեսանյութ)

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ փորձում են ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը, Արցախի պատմությունը. ֆիլմը փառատոններին ներկայացնելը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է։

«Երբ Արցախի մասին պատմող ֆիլմը միաժամանակ 4 մրցանակի է արժանանում միջազզային կինոփառատոնում, շատ ոգևորիչ է։ Արցախի մասին մենք շատ պետք է խոսենք։ Ես և իմ թիմը այդ նպատակով ֆիլմեր ենք ստեղծել նախկինում և այժմ էլ շարունակում ենք խոսել Արցախի և հայոց պատմության կարևոր էջերի մասին՝ նոր նախագծերով, որոնցից է «Վերածնվածը» ֆիլմը։

Այս ճանապահին «Դրախտի դարպասը» ֆիլմի ընդգրկվելը փառատոնի ծրագրում և հաղթելը ցույց են տալիս, որ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու մեր նպատակը հասանելի է, իսկ ուղին՝ ճիշտ, որ այս կերպ մենք կարող ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հանդիսատեսին ներկայացնել մեր պատմության կարևոր էջերը և խնդրակիցը դարձնել Արցախում ապրող ժողովրդի», — նշեց Ջ. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսպիսի ձեռքբերումները օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվեն առաջ և փորձեն անել ավելին։

«Օնտարիոյի միջազգային կինոփառատոնը այս տարի անց է կացվել հոկտեմբերի 15-24-ը, իսկ արդյունքները ամփոփվել են կիրակի՝ հոկտեմբերի 24-ին։ Իսկապես, հրաշալի է տեսնել, որ այն ընդունվում է փառատոնի կողմից և գնահատվում, քանի որ մեզ համար կարևոր է ստեղծել բարձր արվեստի գործ։ Սա մեր առաջին հաջողությունը չէ փառատոններում։ Դրան հասնելու համար շատ մեծ աշխատանք է պահանջվում, և ես ու իմ թիմը փորձում ենք, ոչ մի ջանք չխնայել բարձրորակ ֆիլմ ստեղծելու և Արցախը լավագույնս ներկայացնելու համար։ Մենք ֆիլմի ցուցադրությունները թե՛ փառատոններում և թե՛ փառատոններից դուրս շարունակում ենք։ Ֆիլմը արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում, Դետրոյթում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Վաշինգտոնում, Սակրամենտոյում նաև Կանադայում՝ Տորոնտո, Մոնրեալ։ Հոկտեմբեր 28-ին Սան Ֆրանսցիսկոյում նույնպես կցուցադրվի։ Մոնրեալում ցուցադրությունները երկարաձգել են ևս մեկ շաբաթով, այժմ ֆիլմը հասանելի կլինի մինչև նոյեմբերի 4-ը։ Ընթանում են բանակցություններ ֆիլմի՝ Միացյալ Նահանգների մի քանի խոշոր քաղաքներում սփռման համար։ Փորձում ենք այն տարածել նաև Եվրոպայում, այդ նպատակով բանակցում ենք Անգլիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Բրյուսելում և այլ երկրներում ցուցադրելու համար։ Փորձում ենք ամենը անել ֆիլմի տարածման ուղղությամբ և ուրախ ենք, որ այն հավանության է արժանանում նաև միջազգային ժյուրիի կողմից», — ասաց Ջ. Ավետիսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times