Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:

«Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը »,- ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:

Նախատեսվում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021թ. հունիսի 20-ին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս