Բազմաթիվ հարցեր եմ ստացել, որտեղ խնդրում են պարզաբանել՝ ինչպե՞ս կարող է մի երկիր վտարվել ՆԱՏՈ-յի անդամակցությունից: Այս մասին գրում է Արա Պապյանը:
«Իհարկե, հարցն առաջացել է Թուրքիայի առնչությամբ: Պիտի ասեմ, որ նման ընթացակարգ հստակեցված չէ ՆԱՏՈ-յի հիմնադիր փաստաթղթի մեջ: Վաշինգտոնի պայմանագրի (1949թ.) 13-րդ հոդվածը հստակեցնում է միայն ՆԱՏՈ-յից ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ընթացակարգը: Այն նախատեսում նախ պաշտոնական ծանուցում ՆԱՏՈ-յից դուրս գալու մտադրության մասին, ապա ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ հետո ՆԱՏՈ-յից դուրս գալու հնարավորություն:
Այնպես որ, եթե գնան այս ճանապարհով, Թուրքիան կարող է խաղարկել և սակարկել ՆԱՏՈ-յի իր անդամակցության հարցը՝ օրինակ, կարող է ծանուցել դուրս գալու մասին, ապա 11 ամիս հետո հետ կանչել ծանուցումը:
Այսուհանդերձ, սա չի նշանակում, որ եթե ՆԱՏՈ-յի բոլոր մյուս անդամները ՄԻԱՁԱՅՆ ու ՄԻԱՀԱՄՈՒՌ որոշեն, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՈ-յին դադարել է կառույցին օգուտ բերելուց և ընդհակառակն բեռ է դարձել այդ կազմակերպությունը, ապա չեն կարող ձև գտնել Թուրքիային ՆԱՏՈ-յից վտшրելու կամ դուրս թողնելու համար:
Օրինակ, Վիեննայի 1969թ. միջպետական պայմանգրերի իրավունքի մասին միջազգայնագրի 60-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետով ՆԱՏՈ-յի անդամները կարող են ՄԻԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել կամ ամբողջովին դադարեցնել Վաշինգտոնի պայմանագրի գործունեությունը Թուրքիայի հետ: Այդ ձևով Թուրքիային կարող են, ըստ էության, դուրս թողնել ՆԱՏՈ-յից: Կամ առնվազն զրկել քվեարկելու իրավունքից:
Կա մեկ այլ տարբերակ ևս: Արդեն հիշատակված Վիեննայի միջպետական պայմանգրերի իրավունքի մասին 1969թ. միջազգայնագրի 60-րդ հոդվածի 2-րդ մասի այս անգամ արդեն aii ենթակետով ՆԱՏՈ-յի անդամները կարող են ՄԻԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել կամ ամբողջովին դադարեցնել Վաշինգտոնի պայմանագրի գործունեությունը ԲՈԼՈՐԻ միջև, այսինքն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ: Ապա հենց նույն սեղանի շուրջ կարող են ՆԱՏՈ-յի անդամներով, այս անգամ առանց Թուրքիայի, ստորագրել ՆԱՏՈ-յի հիմադիր 1949թ. Վաշինգտոնի պայմանագրի տեքստը՝ 1949թ. խմբագրմամբ: Քանի որ ՆՈՐ ստորագրվելիք պայմանագիրը չի նախատեսելու որևէ բովանդակային փոփոխություն և ըստ էության 1949թ. պայմանագրի կրկնությունն է (Թուրքիան ՆԱՏՈ-յին է միացել միայն 1952թ.-ին) այն կարող է, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ մտնել ԱՆՄԻՋԱՊԵՍ:
Այնպես որ, ինչպես պարսիկն ասում է՝ գույանդե յաբանդե աստ (ով որոնում է, նա գտնում է): Կամ ինչպես Աստվածաշունչն է ասում ՛՛Խնդրեցէ՛ք՝ եւ տացի՛ ձեզ, հայցեցէ՛ք՝ եւ գտջի՛ք, բախեցէ՛ք՝ եւ բացցի՛ ձեզ՛՛: (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 7/7)