Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ հստակ է․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին իր ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բազմիցս պաշտոնապես արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա»։«Ցավոք, անցած երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք սահմանային նոր հակամարտությունների սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը հանգեցրել է երկու կողմերի մեծ թվով զոհերի և վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողականորեն օգնել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքեր գործադրել»,- նշել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։«Ինչպես նախկինում, Իրանը, որը ճգնաժամի սկզբից որևէ օգնություն չի խնայել հակամարտություններին վերջ տալու համար, արագ է գործել և դիվանագիտական ջանքերով փորձել է հրադադար հաստատել և խաղաղությունը վերադարձնել երկու երկրների սահմաններին։ Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար», — շարունակել է Քանանին։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է, և մենք կարծում ենք, որ այն, ինչ կարող է օգնել լուծելու այդ վեճերը, երկխոսություններ սկսելու քաղաքական կամքի առկայությունն է երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով երկու կողմերի հետ բարիդրացիական քաղաքականության և բարեկամական հարաբերությունների վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս