Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ներողություն է խնդրում, բայց առայժմ մտադիր չէ լքել իր պաշտոնը՝ վարչապետին պաշտոնանկ անելու կոչերի ֆոնին:«Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են ի շահ այս երկրի աշխատելու համար, և ես մտադիր եմ անել դա։ Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը։ Մենք հիմա շատ բարդ ժամանակներում ենք ապրում և պարզապես չենք կարող ժամանակ կորցնել խոսակցությունների վրա, փոխանակ անենք այն, ինչ պարտավոր ենք։ Սա իմ ուղերձն է գործընկերներիս»,-հայտարարել է Թրասը տված հարցազրույցում։Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելացրել է, որ չի հրաժարվում «կատարված սխալների» պատասխանատվությունից և ուզում է ներողություն խնդրել։
«Ես ուզում էի օգնել մարդկանց հաղթահարել էներգիայի հաշիվները, մեծ հարկերի խնդիրը, բայց մենք չափազանց հեռուն ենք գնացել և չափազանց արագ, ես դա ընդունել եմ»,-հավելել է Թրասը։Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, քննադատության տարափի է բախվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:Ծրագիրը խորհրդարանում ներկայացվել է ֆինանսների նախկին նախարար Քվազի Քվարթենգի կողմից և ենթադրում է հարկերի մասշտաբային կրճատում: Նրա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի հնգամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 2008 թվականից ի վեր առավելագույն մակարդակ` 4,6 տոկոս, ինչը նշանակում է պարտքային թղթերի պահանջարկի նվազում: Այդ կապակցությամբ ֆունտի փոխարժեքը կտրուկ նվազել է և աճուրդի ընթացքում հասել պատմական նվազագույնի` մեկ ֆունտի դիմաց 1,054 դոլար։
Ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի պատճառով հոկտեմբերի 14–ին Թրասը հայտարարել էր ձեռնարկությունների համար շահութահարկի բարձրացման մասին19-ից մինչև 25 տոկոս, որն առաջարկել էր նրա նախորդը Բորիս Ջոնսոնը, և ավելի վաղ չեղարկել էր հենց Թրասը։Պլանավորված բարձրացման չեղարկումը տնտեսության աջակցության ծրագրի միջոցներից մեկն էր և ենթադրում էր, որ ավելի շատ ձեռնարկություններ ներդրումներ կկատարեն Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ: Հոկտեմբերի 14–ին հրաժարական տվեց սկանդալային պլանի հեղինակ Քվարթենգը, որին այդ պաշտոնում փոխարինեց Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը:..