Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Բաստիան Հեկստրան հայտարարել է, որ Նիդերլանդները մտադիր է հնարավորինս շուտ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանի հակամարտ գոտում իրավիճակի գնահատման համար:Արտգործնախարարը վերահաստատել է Նիդեռլանդների կառավարության հավատարմությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների անկախ հետաքննության, ինչպես նաև խաղաղության ջանքերին աջակցելու կոչերին՝ նշելով, որ քննարկվում է Անհետ կորածների խնդիրներով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը։
Հեկստրան հայտնել է, որ Ադրբեջանը ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից, իսկ ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հարցում առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։ Բացի այդ՝ նախարարը հստակեցրել է, որ Ադրբեջանը Նիդեռլանդների հիմնական առևտրային գործընկերը չէ, այլ այդ ցանկում զբաղեցնում է միայն 94-րդ տեղը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ հայ գերիների սպանությունների տեսանյութին՝ նախարարը նշել է, որ Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանն ինքը նողկանք է արտահայտել այդ տեսանյութի առնչությամբ և կոչ արել անցկացնել անկախ հետաքննություն ու հրապարակել դրա արդյունքները։ ԱԳ նախարարը նաև կարծիք է հայտնել, որ այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը չի նպաստի խաղաղության հաստատմանը։