Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են վայրագությունների հետ կապված հանցագործությունների դեմ խորհրդատվական խմբի (ACA) ձևավորման մասին, որը կհամակարգի ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը:
ACA-ի հիմնական առաքելությունն է լինելու աջակցել Ուկրաինայի գլխավոր դատախազության աշխատանքին Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից կատարված հանցագործությունների փաստագրման, պահպանման և վերլուծության գործում՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Խորհրդատվական խմբի քրեական փորձագետների մեծ մասը լինելու է Լեհաստանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Շատ կարևոր է ապահովել, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ կատարված սարսափելի վայրագությունների համար, պատասխանատվության ենթարկվեն:
Պատերազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ», – ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը: 2022 թվականի մայիսի 23-ին Կիևի Սոլոմենսկի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Սումիի մարզում քաղաքացիական անձի սպանության մեջ մեղադրվող գերի սերժանտ Վադիմ Շիշիմարինին։ Նա առաջին ռուս զինվորն է, որը հայտնվել է ուկրաինական դատարանի առաջ՝ ներխուժման սկսվելուց ի վեր։