Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ է ժամանելու Հայաստան, որպեսզի քննարկվի առաքելության տեղակայման վայրի հարցը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Հիմա աշխատանքային գործընթաց է, որն արդեն որոշակի ժամանակ է մեկնարկել է։ Քննարկում ենք առաջարկները, մշակում ենք մերը։ Դեռ հստակ որոշված չէ, թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Այսօր կքննարկվի այդ հարցը»,– ասաց Հովհաննիսյանը։
Փոխնախարարը նաև անդրադարձավ դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին։
«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»,– նշեց Հովհաննիսյանը: