Ադրբեջանը գնում է ռազմական նոր ռեֆորմների՝ հիմք ընդունելով թուրքական բանակի մոդելը, Հայաստանը փորձում է իր անվտանգության բոլոր բաղադրիչները փոխանցել ռուսական կողմին.փորձագետ

Ադրբեջանը գնում է ռազմական նոր ռեֆորմների, որոնց հիմքում թուրքական բանակի մոդելն է, իսկ Հայաստանն իր առջև բանակի վերականգման խնդիր չի դրել, քանի որ կարծում են, որ իրենք այլևս խաղացող չեն և իրենց անվտանգային խնդիրները պետք է ապահովեն ռուս խաղաղապահները: «Փաստինֆո»-ի զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա դիտարկմամբ՝ հետպատերազմյան փուլում Ադրբեջանն իր պաշտպանողական հնարավորությունների մեծացնում է մի քանի ուղղություններով: Առաջինը՝ տարբեր երկրների հետ ռազմական նոր համաձայնագրեր է կնքում՝ Իսրայել, Թուրքիա, հատկապես՝ Պակիստան։ Երկրորդ՝ Ադրբեջանն ընդլայնում է իր զորամասերը, մշտական տեղակայման վայրերը Արցախի բռնազավթված տարածքներում և նոր առաջնագիծ է ձևավորում ՀՀ սահմանին և Արցախի հետ շփման գծում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է նոր ռեֆորմների, որոնց հիմքում թուրքական բանակի մոդելն է, և Թուրքիայի ուղիղ միջամտությամբ մի քանի տարի հետո ուրվագծվում է ամբողջովին նոր բանակի կառուցում կամ վերակառուցում »,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ արձանագրելով, որ ակնհայտ է նաև Պակիստանի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։

«Ադրբեջանը Պակիստանի հետ ունի հարաբերությունների բավականին բարձր մակարդակ, իսկ դրան հակառակ, Պակիստանն առ այսօր չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը:Նրանց համագործակցությունն այս տրամաբանության մեջ էլ կառուցվում է »,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմից հետո ունեցել է մարդկային և զինտեխնիկայի կորուստներ, հիմա գնում է դրանց վերականգման ճանապարհով, որը հնարավորություն կտա հետագա բանակցություններում ավելի բարենպաստ դիրքերով հանդես գալ.

«Նոր բանակի կառուցումը ենթադրում է նաև նոր հնարավորություններ՝ տարբեր քաղաքական գործընթացներում ճնշումների բանեցման և բարենպաստ դիրքերով հանդես գալու համար: Ադրբեջանը շատ արագ գնում է այդ ճանապարհով՝ ի տարբերություն Հայաստանի:Մարտունակ զինված ուժերի առկայությունը ցանկացած տարածաշրջանում ունի զսպող և հավասարակշռող դերակատարություն, պարտադիր չէ մարտունակ բանակ կառուցել այդ պահին ունեցած խնդիրները կարգավորելու համար: Իհարկե, Ադրբեջանը առաջիկա տարիներին իր համար մարտունակ բանակ է փորձելու ապահովել, որովհետև նրա պահանջները և հավակնությունները չեն ավարտվել »,-ասաց Աբրահամյանը:

Փորձագետը նաև նկատեց, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը բանակի վերականգման ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, փոխարենը՝ Հայաստանը փորձում է իր անվտանգության բոլոր բաղադրիչները փոխանցել ռուսական կողմին.

«Այն աշխատանքները, որոնք իշխանությունը պետք է կատարեր մարտունակ բանակ ստեղծելու և բանակի վերականգման համար, զրոյական բնույթ ունեն: Իսկ ո՞վ պետք է աներ, տեսեք՝ ովքե՞ր են երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը ցանկություն, կամք կամ հնարավորություն ունի՞ այս ուղղությամբ ինչ-որ լուրջ աշխատանք կատարելու, իհարկե ՝ոչ:Հայաստանն իր առջև նման խնդիր չի դրել, քանի որ կարծում են, որ իրենք այլևս խաղացող չեն, և իրենց անվտանգային խնդիրները պետք է ապահովեն ռուս խաղաղապահները կամ 102-րդ ռազմաբազան: Հայաստանը փորձում է անվտանգության բոլոր բաղադրիչները փոխանցել Ռուսական կողմին, սա բխում է երկկողմ իրավական համաձայնագրից, Հայաստանը իր ատրիբուտները փոխանցում է այլ երկրներին ուստի անհասկանալի է առհասարակ ինչ դերակատարում ունեն Հայաստանի իշխանությունները Հայաստանում»,-ասաց փորձագետը:

Հարցին՝ ռուսական կողմին որքանո՞վ էր ձեռնտու Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը,փորձագետն ասաց, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար նրա մնալը ձեռնտու էր, բայց ամեն երկրի մասով կան որոշակի առանձնահատկություններ.

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի կարողանում մերժել Թուրքիային և Ադրբեջանին, առավել ևս այլ երկրներին, որոնք որևէ խնդիր ունեն, նրանք կարողանում են ցանկացած ձևով լուծել և կարգավորել: Ամեն դեպքում բոլոր երկրները պետք է իմանան, որ կարևորագույն հարցերում գործող իշխանությունը վստահելի և կանխատեսելի գործընկեր չէ և ցանկացած ժամանակ կարող է իրավիճակ փոխվել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս