«ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնող». ՌԴ փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսակցությունն այժմ այս մասին է ընթանում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դեռևս կան բավականին հստակ զարգացումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում), որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այժմ քննարկվում է հենց դա», -նշել է Ռուդենկոն:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը:

«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», — ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:

«Մենք բանակցություններ ենք վարում փորձագիտական մակարդակում, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակներում, այլ բանի մասին խոսելը դեռ վաղ է», — հավելել է Ռուդենկոն:

Նրա խոսքերով` Մոսկվան «նախընտրում է շահարկումներ չանել Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս