Վերազինվող զինվորի տունը՝ հանուն զինվորի

«Մի հատ դիմակդ հանի, դեմքդ տեսնեմ։ Բժշկուհի հիմա փոփոխություն զգում եմ, էն ժամանակ երշիկ չէի կարողանում ուտել»․ սա սովորական բժշկական զննում չէր։ Ջաբրայիլում դիմածնոտային վիրավորում ստացած ավագ–լեյտենանտ 25- ամյա Ավետիս Հարությունյանի վերականգնողական բուժման արդյունքներն էր պարզում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի բժշկուհին

Հոկտեմբերի 7–ի առավոտյան ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ է լուր ստացել, որ պետք է օգնության հասնի հակառակորդի 500 հոգանոց ուժերի դեմ կռվող շտաբի պետին ու ծառայակից ընկերներին։ 5 հոգու հետ առաջացել է օգնության ու այդ ժամանակ էլ ստացել վիրավորումը։

«Ու գնացի մտա բոյի մեջ, սկսեցի կրակել, ընթացքում ինձ խփեցին։ Զինվորիս ասեցի օղակը քաշի տուր ինձ, որովհետև թեժ էր ամեն ինչը։ Այնպիսի պահ էր, որ ամեն մեկն իր մասին պետք է մտածեր։ Մեծ դժվարությամբ, սակայն հաջողվել է դուրս գալ վիճակից»։

Հակառակորդի հրազենային գնդակը աչքի տակից մտել, վզից դուրս է եկել։ Սկզբում չի հասկացել՝ ինչ է կատարվել հետը, միայն զգացել է մարմնի տաքությունը։ Թշնամու հասցրած վիրավորումից հետո էլ պայքարել է որքան հնարավոր է, դիմադրել, գոնե մի հակառակորդի գետնին պառկած տեսնելը այդ րոպեի միակ նպատակն էր։

«Գնալուս համար չեմ փոշմանել, որ չգնայի` այդ ժամանակ կփոշմանեի»։

Ընկերոջ մահ, գերևարություն, մարտաֆիլմերում տեսած պատկերներից անհամեմատ ավելի դժվար ու դաժան տեսարանների անմիջապես ականատես լինելուց հետո էլ հայ զինվորի մարտական ոգին երբեք չի թուլացել։ Վախը հաղթահարած` հավատացել են հաղթանակին։ Առաջնագծում հայ զինվորը զոհվում էր հիմնականում ընկերոջը փրկելու ճանապարհին։ Օրինակները շատ են, « Ռադիոլուրի» հետ զրույցում տեսածը խիզախորեն, մի փոքր էլ սառնասրտորեն նկարագրում է Ավետիսը։

« Ջաբրայիլում բլուրը վերցրել են բլուրը ու այդ զինվորը կապ ա տվել, ասել ա սաղ եմ, եկեք ինձ հանեք։ Ու այդ տղան վազելով գնացել է ու խփել են իրեն»։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր էլ ստեղծում է բոլոր հնարավորությունները հայրենիքի նվիրյալներին պատշաճ բուժօգնությամբ ապահովելու համար։ Եղած հնարավորություններն ընդլայնելու գործընթացն արդեն սկսվել է։ Համագործակցելով գերմանական տարբեր ընկերությունների հետ աշխատում են բացել պրոթեզարան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

«Մեր պրոթեզարանը տարբերվելու է մյուս պրոթեզարաններից նրանով, որ ունենալու ենք քայլքի լաբորատորիա։ Այսինքն՝ հատուկ սարքավորումների միջոցով ֆիքսվելու է մարդու կեցվածքի, քայլքի բիոմեխանիկան»։

Կենտրոնը նախատեսում է ունենալ նաև վիրահատարան` վիրավոր զինվորների համալիր բուժումն ապահովելու համար։ Իսկ այս պահին աշխատում են, որ բացեն ցավի կառավարման սենյակը։ Դրամահավաքի միջոցներով կգնեն առաջատար ընկերությունների լավագույն սարքավորումները։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս