Հռոմի պապը ողբերգություն է անվանել Արցախում տիրող իրավիճակը և կոչ է արել հրաժարվել ռազմական միջոցներից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողբերգություն է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին քահանայապետն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած կիրակնօրյա ելույթի ժամանակ:

«Բոլոր սրբերի այս օրը (կաթոլիկները նշում են նոյեմբերի 1-ին–խմբ.) չմոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի մասին, որտեղ զինված հակամարտություն է ընթանում՝ ընդհատվելով կարճատև հրադադարներով: Ավելի ու ավելի մեծ ավերածությունների են ենթարկվում տները, ենթակառուցվածքները, մշակութային կառույցները: Ռազմական գործողություններն ավելի ու ավելի շատ են խոցում քաղաքացիական բնակչությանը: Դա ողբերգություն է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Վերջինս կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական միջոցներից, որոնք հանգեցնում են նրան, որ «անմեղների արյունն է հոսում»: «Ցանկանում եմ կրկին դիմել պատասխանատու կողմերին՝ կոչ անելով անել ամեն հնարավորը անմեղների արյունահեղությունը դադարեցնելու համար: Չի կարելի մտածել, որ վեճը կարելի է լուծել բռնի մեթոդների դիմելով, այլ միայն բանակցություններով՝ միջազգային հանրության աջակցությամբ: Համերաշխություն եմ հայտնում բոլոր տառապողներին և աղոթում եմ բոլոր սրբերին՝ վերադարձնել տարածաշրջանի խաղաղությունը»,- հավելել է քահանայապետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս