Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Մեծ Յոթնյակի հետ (G7) արգելելու Ռուսաստանի Դաշնությունից ոսկու ներմուծումը: Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն աննախադեպ գին է պարտադրել Պուտինին, որպեսզի նրան զրկի Ուկրաինայի դեմ պատ-երազմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ եկամուտներից։ Մենք Մեծ Յոթնյակի հետ միասին արգելում ենք ռուսական ոսկու ներմուծումը, խոշոր արտահանումները, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում Ռուսաստան»,- գրել է Ջո Բայդենը։
Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները հանդիպում են Գերմանիայի Բավարիայի շրջանում։ Գագաթնաժողովին անդամ երկրների հետ միասին կմասնակցեն նաև Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Արգենտինայի, Սենեգալի և Ինդոնեզիայի առաջնորդները։