Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքության դիրքորոշումից հրաժարվելու կոչով Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նոյեմբերի 4-ին նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, թվիթերյան գրառմամբ հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն: Նա հրապարակել է 40 պատգամավորի ստորագրությամբ նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը։
«Առաջին հայացքից տարածքային այս վեճի հետեւում ավելի մեծամասշտաբ պայքար է ընթանում, որը մենք սխալմամբ կարող ենք անտեսել։ Ցավոք, մեր չեզոքությունը կարող է արժանի պատասխան չլինել այն հարձակումներին, որոնց վերջնական նպատակն այդ տարածաշրջանում հայկական բնակչության վերացումն է։
Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրեւ համառ քաղաքական լուծում»,- նշված է նամակում։