Հուշարձանները չպետք է ռեստորանների վերածվեն, սակայն հուշարձանը չի կարելի փակել այցելուների առջև. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար;ԿԳՄՍ Վահրամ Դումանյանի կարծիքով՝ մշակութային հուշարձանների տարածքում չի կարելի մարդկանց արգելել մեկ գավաթ գինով շնորհավորել միմյանց հարսանեկան տոնի կամ կնունքի կապակցությամբ, սակայն պետք է լինեն որոշ սահմանափակումներ: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հիշելով ամիսներ առաջ Գառնու, իսկ օրերս Զվարթնոցի տաճարում կազմակերպված միջոցառումները, որոնք քննարկումների առիթ են դարձել:

Նախարարը, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր ենթակայությամբ գործող ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ն օրինապաշտ կատարել է իր պարտականությունները: Դիմել են ՊՈԱԿ, որը դիմել է լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և կարգի շրջանակում լիազոր մարմինը չի առարկել միջոցառման անցկացմանը: Միջոցառման անցկացման ընթացքում եղել են բովանդակային շեղումներ կարգից՛՛:Նա հավելեց, որ հուշարձանները հանրային արժեք են ու պատկանում են ժողովրդին, և եթե մարդիկ ցանկություն ունեն այդտեղ որևէ առիթ նշել, պետք չէ արգելել, բայց պետք է պահանջել, որ տարածքը չվերածվի կերուխումի, տարբեր ճաշատեսակների մատուցման, երկարատև կենացների, ազատ ոճի երաժշտության վայրի:

՛՛Հանձնարարել եմ վերանայել կարգը: Երբ ամեն բան պաշտոնապես չի հստակեցվում, միշտ խնդիրներ են առաջանում: Հուշարձանները չպետք է ռեստորանների վերածվեն, բայց, եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել կնունքը, հարսանյաց ծեսը, ասել՝ ՛՛ոչ, չի կարելի՛՛, իհարկե, այդ ողջ ընթացքում ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մտնել այդ տարածք, պետք է ունենա այդ հնարավորությունը՛՛,-ասաց Դումանյանը և հավելեց, որ հուշարձանը չի կարելի փակել այցելուների առջև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս