Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ. Հայաստանի և Իրանի միջև տարակածություններ չկան:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։ Հունանյանը Իրանը բնութագրել է որպես Հայաստանի առանցքային գործընկեր և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։«Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Դիվանագետի խոսքով` արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն։
Հունանյանը պատասխանել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասել է ԱԳՆ խոսնակը:Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ և հավելել, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։