Մոսկվայի դատարանը լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեղադրանքով դատապարտել է 22 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը պետական դավաճանության գործով լրագրող Իվան Սաֆրոնովին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ «Դատապարտել Սաֆրոնովին 22 տարի ժամկետով ազատազրկման՝ խիստ ռեժիմով քրեակատարողական գաղութում կրելու համար»,- ասված է վճռում։

Սաֆրոնովը նաև տուգանվել է 500 հազար ռուբլով։ Պետական մեղադրող կողմը պահանջել է լրագրողին դատապարտել 24 տարվա ազատազրկման և կես միլիոն ռուբլու տուգանքի։ Իվան Սաֆրոնովը ձերբակալվել էր երկու տարի առաջ։ Լրագրողը մեղադրվում էր Չեխիայի և Գերմանիայի հետախուզական ծառայությունների գործակալներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։

Ըստ մեղադրող կողմի՝ փոխանցված փաստաթղթերը վերաբերել են ռուսական զենքի արտահանմանը և Սիրիայում ռուսական զորքերի գործողություններին։ Սաֆրոնովը չի ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ իրեն հետապնդում են իր լրագրողական գործունեության համար։ Նա երկու անգամ հրաժարվել է հետաքննության հետ գործարքից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս