Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հացահատիկային միջանցքի» վերականգնումը համարում է դիվանագիտական հաջողություն, ըստ նրա՝ դրան նպաստել է Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի ուշ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հացահատիկային միջանցքի վերականգնման վերաբերյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անցյալ չորեքշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը պարենային գործարքին։
«Մենք առանցքային դեր ենք խաղում դիվանագիտության մեջ՝ շնորհիվ մեր խաղաղ քաղաքականության։ Հացահատիկի ճգնաժամի կարգավորումը դիվանագիտական հաջողություն է», – ասել է Էրդողանը՝ Ստամբուլում քաղաքական ֆորումում ելույթ ունենալով։Նա նշել է, որ այս գործընթացն իրականացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ «հավասարակշռված հարաբերությունների շնորհիվ»։
Հուլիսի 22-ին Ստամբուլում կնքված գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։
Պուտինը սեպտեմբերի սկզբին մատնանշեց, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված «ապրանքային գործարքի» մի մասը չի գործում։ Դրա պատճառով, ըստ նրա, չի բացառվում պայմանագրի խզումը։ Պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։