Խերսոնի ուղղությամբ Դնեպրի ձախ ափ ռուսական զորքերի տեղափոխման ժամանակ կորուստներ չեն եղել, տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ զորքերի խմբավորման ձախ ափ տեղափոխումն ավարտվել է այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05։00-ին։ Բոլոր քաղաքացիական անձանց, որոնք ուզեցել են լքել Խերսոնի շրջանի աջ ափը, տարհանման համար օգնություն է ցուցաբերվել: Ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր աջ ափին չի մնացել, փոխադրված ռուսական ուժերը զբաղեցրել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական սահմաններն ու դիրքերը։
Գերատեսչությունից հայտնել են, որ հակառակորդը գիշերը փորձել է խափանել խաղաղ բնակիչների փոխադրումն ու զորքերի տեղափոխումը ձախ ափ։ Ուկրաինացի զինվորականները անցումներին 5 հարված են հասցրել HIMARS ռեակտիվ արկերով, ռուսական ՀՕՊ-ը խոցել է 28 արկ, ևս 5-ը շեղվել են թիրախներից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Անցած երկու օրվա ընթացքում Խերսոնի շրջանի առանձին հատվածներում Ուկրաինայի զորքերի առաջխաղացումը կազմել է ոչ ավելի, քան 10 կմ:
«Կրասնոլիմանյան ուղղությամբ ռուսական զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողություններով և հրետանու կանխարգելիչ կրակով խափանվել է Լեհաստանի վարձկաններով ուժեղացված Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտոհրաձգային վաշտի հարձակումը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Չերվոնոպոպովկա և Պլոշչանկա բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև իննսուն սպանված և վիրավոր ուկրաինացի զինծառայողներ և վարձկաններ, մեկ մարտական զրահապատ մեքենա», — ավելացրել են ՊՆ-ից։Հաղորդվում է, որ «Լանցետ» զինամթերքով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կրակով մեկ օրում ոչնչացվել է ամերիկյան 3 քարշակվող M777 հաուբից, ականապատ պատնեշների վրա պայթել է ավելի քան 20 ուկրաինացի զինվոր, 2 տանկ, 2 ինքնագնաց հրետանային կայանք և 3 մարտական զրահամեքենա։