Բարձրաստիճանների համատարած պարգևատրումը շարունակվում է, ծախսվող գումարներն աճելու են թռիչքաձև. սա այլևս որևէ կերպ ընկալելի չէ. Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է 2021 թվականի պետբյուջեի նախագծին, որով պարգևատրումների ֆոնդի աճ է նախատեսվում։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագիծը: Պարզ է, որ նախագծի այս տարբերակը կենթարկվի որոշակի էական փոփոխությունների՝ ներկա իրողությունների հաշվառմամբ:

Պետական բյուջեի այս նախագծի վերաբերյալ դեռ առիթ կլինի ներկայացնելու մասնագիտական դիրքորոշումներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պետական ծրագրերին վերաբերելի:

Նախնական քննարկումների այս փուլում ստիպված եմ կրկին անգամ անդրադառնալու նախորդ երկուսուկես տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երևույթի, որը հետևողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները:

Խոսքը վերաբերում է բարձրաստիճանների ամսական համատարած պրգևատրումներին, որը նրանց փաստացի վճարվում է ոչ թե արդյունավետ աշխատանքի համար, այլ՝ որպես հավելում իրենց հիմնական աշխատավարձին՝ վերջինիս մեկուկեսից մինչև երկու անգամի չափով:

Նախ՝ տեղին է հիշեցնել.

Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունը առաջին հերթին և միջինից բարձր տեմպերով պետք է ապահովի աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը, այլ ոչ թե կրկնապատկի քաղաքական որոշումներ կայացնողների վարձատրությունը մեր բոլորի վճարած հարկերի հաշվին:

Հակառակի համար որևէ հիմնավորում չի կարող ինքնին ծանրակշիռ լինել: Ի դեպ, նախորդ երկու տարիներին այս խնդրին վերաբերելի վիճակագրական ցուցանիշները և դրանց համեմատական գնահատումները բազմիցս ենք ներկայացրել:

Հաջորդը՝ բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները պարբերաբար խոստանում են համակարգային ինչ-որ նոր լուծումներ ապահովել պետական հատվածի վարձատրության կարգավորումներում:

Անցել է շուրջ երկուսուկես տարի, իսկ լուծումները չկան: Ի դեպ, պետական հատվածի վարձատրության գործող ողջ համակարգը մշակվել է ընդամենը մեկ տարում և արդեն իսկ գործադրվում է շուրջ հինգ տարի: Նոր լուծումները ՉԿԱՆ, քանի որ նման իրավիճակում առկա է անսահման հայեցողություն՝ իրենց պարգևատրումների չափերն ու պարբերականությունը որոշելու համար: Այս խնդրահարույց ձևով պարգևատրումների ֆոնին պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված:

Փոխարենը՝ բացասական իներցիան շարունակվում է: Խոստացված համակարգային լուծումները նորից չկան: Սակայն 2021թ. նախատեսվում է պարգևատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ ՀՀ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետական ծառայողների հիմնական աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով:

Առկա իրավակարգավորումների ներքո զուգահեռ խնդիր է բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի աշխատանքի որակն ու իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների ծրագրային կատարողականը:

Մասնավորապես, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է.

«պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:

Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ հստակ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով:

Այս խնդիրներն արդարացնելու և բացատրելու փորձ անողներին հորդորում եմ 2021թ. համար նախատեսված պարգևատրման գումարների աճի ցուցանիշներն առնվազն համեմատել նաև մեր երկրում միջին աշխատավարձի, կենսաթոշակների, անապահովության նպաստների չափերի կանխատեսվող աճերի ցուցանիշներին:

Իսկ եզրահանգումներ անելիս անհրաժեշտ է խորապես հաշվի առնել մեր շուրջն առկա իրողությունները:

Կարծում եմ այս փուլում այսքանը բավարար է՝ վեր կանգնելու անձնական շահագրռվածություններից և զերծ մնալու արատավոր այս պարգևատրումներից՝ մինչև խոստացված համակարգային բարեփոխումները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս