2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներից մեկը ազգությամբ եզդի Սիաբանդ (Յուրա) Թամոյանն է։ Նա 16 տարվա պայմանագրային զինծառայող էր, որից 14-ը ծառայել էր Քարվաճառում։
44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, նրան տեղափոխեցին Սիսիան։ 2 տարի Սիսիանում ծառայելուց հետո՝ 2022-ի սեպտեմբերին, հերթափոխից հետո նա տեղափոխվեց Ջերմուկ, որի դիրքերում զոհվեց սեպտեմբերի 13-ին, բեկորային հարվածից ստացած վիրավորումից։Սիաբանդ Թամոյանին բոլորը որպես Յուրա էին ճանաչում։
Կինը՝ Զոզաննա Ալիյանն ասում է՝ չնայած սուղ պայմաններին, Յուրան երբեք ոչ մեկից ոչինչ չէր խնդրում։ «Չէր խաբի, չէր գողանա, չէր վիրավորի ոչ մեկի, անշահախնդիր էր, իր ծառայությունն ու ընտանիքը շատ էր սիրում, բայց վերջին գնալուց ոնց որ զգար, ասեց՝ ես երևի էլ չգամ, ձեզ լավ կնայեք, շնորհակալ եմ քեզ, էսքան տարի տունը ոնց պետք ա՝ պահել ես»,-ամուսնու հետ վերջին խոսակցությունն է վերհիշում Զոզաննան։Սիաբանդ Թամոյանի ընտանիքն ապրում է սոցիալական վատ պայմաններում։ Տան շինարարությունն այդպես էլ մնացել է անավարտ։