Հայտնի է` ինչպես է ՀՀ իշխանությունն աջակցելու Բերձորի և Աղավնոյի բնակիչներին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը օրերս Արցախիւ Հանրապետության Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչներին տեղեկացրեց, որ իրենք մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն՝ լքելու իրենց տներն ու տեղափոխվելու այլ բնակավայրեր։ Ըստ Խանումյանի՝ բնակիչների մի մասը կտեղափոխվեն Արցախ, մի մասը՝ Հայաստանի Հանրապետություն։ Նրանք կունենան տեղահանվածի կարգավիճակ և կօգտվեն պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից։

«Հրապարակը» հետաքրքրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել Բերձորից ու Աղավնոյից տեղահանվածներին, ունե՞ն ինչ-որ ծրագիր նրանց համար, ինչպե՞ս են ապահովելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարանով և ապրուստի միջոցներով, երբ նրանք մինչև օգոստոսի 25-ը տեղափոխվեն Հայաստան։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անպատասխան մեր հարցման, ասացին, որ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ակտիվ համագործակցում է Արցախի կառավարության հետ՝ բնակիչների ժամանակավոր բնակության հարցի կարգավորման ուղղությամբ։ «Առաջնահերթ աջակցությունը կլինի բնակվարձի փոխհատուցման տեսքով, մինչ բնակիչները կկարողանան դիմել պետության աջակցությամբ բնակարանի ձեռքբերման ծրագրից օգտվելու համար»,-ասաց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս