Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել ԼՂ հակամարտության գոտում. Ռոբերտ Օ’Բրայեն

Ադրբեջանը տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն է ստանում Թուրքիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին:
Ելույթի նախաբանում նա նշել է, որ հայերն անհավանական և նվիրված մարդիկ են, ինչպես նախագահն արդեն ասել է: «Ես համամիտ եմ նրա հետ»,-ասել է գործիչը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել մի քանի ռազմավարական քաղաքներում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղությամբ:Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել վերջին տարիներին զինամթերք գնելու համար: Բացի այդ, նրանք տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն են ստանում Թուրքիայից: Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում, պատերազմ է, և դա ողբերգություն է այնտեղ բնակվող մարդկանց համար: Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան բաց մամուլում այն մասին, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել հակամարտության գոտում»,- ընդգծել է Օ’Բրայենը:

Վերջինս շեշտել է, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, ապա հոկտեմբերի 17-ին ֆրանսիացի նախագահի և հոկտեմբերի 26-ին պետքարտուղար Պոմպեոյի ջանքերով պայմանավորված մարդասիրական հրադադար հաստատելու երեք փորձերն էլ ձախողվել են:

Նա նշել է, որ խաղաղապահներ կամ դիտորդներ տեղակայելու դեպքում նրանք չեն կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ոչ էլ Թուրքիայից: «Կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար: ԱՄՆ-ն խորապես մտահոգված է բռնության սրմամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է նա:

«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Սա հատկապես վերաբերում է ադրբեջանական կողմին, որն այսօր անվճռական է առանց նախապայմանների հրադադարի հարցում: Երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն»,- նշել է Թրամփի խորհրդականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս