Այն մարդը, որ դիտմամբ լացացնում է մի ազգի, նրանից ամեն բան սպասելի է. Ո՞ւմն է պետք այսքան լացեր…

Հայ ազգն իր անկախությունը կորցնելուց ի վեր, ամբողջ 400 տարի լաց եղավ, որ քրիստոնյա մեծ պետությունները լսեին և իրենց անկախություն տային, առանց նկատի ունենալու այն, որ Քրիստոսն ասել է՝ «ով երկու անկախություն ունի՝ մեկը չունեցողին տա», և չի ասել՝ մեկ անկախություն ունեցողը այն նվիրի հայ ազգին:Խե՜ղճ մեծ պետություններ, ի՞նչ կարող էին անել: Ու հայ ազգը, այս իմանալով հանդերձ, իր լացը ոչ միայն չէր մեղմում, այլև ձայնը ավելի էր բարձրացնում:Հարց: Կարո՞ղ ենք բնական համարել այն լացը, որ 400 տարի է տևում: Ո՞վ է տվել այդքան արտասուք մարդուն:Երեխան, երբ իր պահանջը լացով է ուզում անցկացնել, որոշ ժամանակ լալուց հետո, երբ տեսնում է, որ մայրը իր ուզածը չի տալիս, այնուհետև շարունակում է կեղծ լաց… աչքերին թուք քսելով:Այո, երբ լացն այսքան երկարում է, դառնում է միտումնավոր և արհեստական ձև է ընդունում:Ձայն կա՝ արտասուք չկա:-Ո՞վ արհեստականորեն լացուց հայ ազգին:-Իր բանաստեղծները:Գամառ-Քաթիպան իր լեզվով խոստովանում է այն: Նա ազգին ասում է՝ «Պզտիկ տղա, չեմ օրորի օրորանդ, որ դու լաս»…Ու ես վախենում եմ, որ նա ոչ միայն չի օրորում, որ լաց լինի երեխան, այլ տակից էլ կսմթում է խեղճ երեխային, որ ավելի ձայնը բարձրացնի…
Այն մարդը, որ դիտմամբ լացացնում է մի ազգի, նրանից ամեն բան սպասելի է:

«Ծիծեռնակի» հեղինակ Դոդոխյանը Դորպատի համալսարանում սովորում է: Փոխանակ ավարտելու և գալու իր հորն ուրախացնելու, ծիծեռնակին է ուղարկում և պատվիրում է ասել հորը, որ «լաց լինի իր անբնախտ որդու վրա»…Ո՞ւմն է պետք այսքան լացեր: Չէ՞ որ մեր ազգը ուրիշ լալու տեղ էլ ունի: Նա որպես հավատացյալ ժողովուրդ, լաց է լինում նաև Աստծո առաջ և արքայություն խնդրում: Ահա ձեզ մի «պզտիկ տղա», որ մի աչքով լալիս անկախություն է ուզում, մյուս աչքով՝ արքայություն:Եվ այս այն ժամանակ, երբ ոչ երկնքում Աստված կա, ոչ էլ Եվրոպայում քրիստոյնա պետություն։
Այստեղ խոսքս ուղղելով քեզ ասում եմ, ո՜վ Գամառ-Քաթիպա, լացող երեխային խաղալիք են տալիս և ոչ թե անկախություն: Ահավասիկ 1918 թվին մի այդպիսի խաղալիք անկախություն տվին հային:Նշանավորելու համար, իր չունեցած վառոդով թնդանոթ կրակեց օդում այդ «անկախ» կառավարությունը, պառլամենտ ստեղծեց, մինիստրներ, ծերակույտ, լորդերի պալատ:

Բայց այս բոլորը որովհետև կատարվում էր այն ժամանակվա միակ թատրոնի շենքում, շուտով վարագույրն իջավ, խաղը վերջացավ, ծերակույտականները կուլիս քաշվելով հանեցին իրենց կեղծ մորուքները և երիտասարդ դառնալով ճղեցին արտասահման:
Հետո՝ դու սրան մտիկ:Չնայած տրվածը մի խաղալիք անկախություն էր, բայց այնուամենայնիվ Պողոս փաշան և Ահարոնյանը իրար ձեռքից խլխլում էին, ցուցաբերելով մեր նախնի նախարարների անհաշտությունը:
Քե՛զ եմ հարցնում, ո՜վ մեծ բանաստեղծ, արժե՞ր այս բոլորի համար լացացնել քո «պզտիկ տղային»:Ո՛չ: Դու պիտի օրորեիր երեխային, որ քներ, մեծանար, մարդ դառնար և խելոք մի բան մտածեր:Լեռ Կամսար, 1963թ.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս