Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի: Ուկրաինայի հետ առևտուրը մոտ է զրոյին, սակայն ծավալներն ինչ-որ կերպ լրացվելու են:
Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով առևտրի և Ռուսաստանի տնտեսության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:
«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որտեղ 800 մլն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 մլրդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1.5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի»,-ասաց Խաչատրյանը:ԿԲ-ն, սակայն, վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առևտրային հաշվեկշռի տեսանկյունից դեռ վերջնական գնահատական չի տվել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առևտրի փոփոխությունը: