Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը.Իրանում ընտրությունների արդյունքում նոր նախագահ է դարձել դատական համակարգի ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռայիսին: Արդյոք այս ընտրությունն անակնկալ էր, թե ոչ:Ինչպես գիտեք, Իրանում ընտրություններն անցկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը և կան հատուկ չափանիշներ, որոնցով թեկնածուները գրանցվում են նախարարության ներսում գործող գլխավոր շտաբում: Դրանից հետո ընտրությունները վերահսկում է Սահմանադրության պահապան խորհուրդը, որի պարտականությունը հենց ընտրությունները վերահսկելն է: Այդ կառույցն էլ իր չափանիշներով է հաստատում գրանցված թեկնածուներին և որոշում, թե որ թեկնածուն կարող է մասնակցել ընտրություններին, որը՝ ոչ:
Արդեն մայիսի 28-ին հայտարարվեց, որ մասնակցելու են 7 թեկնածուներ, որից 5-ը պահպանողական, մեկը՝ չափավորական, մյուսը՝ բարենորոգչական: Իրանում թեկնածուներ կարող են առաջադրվել ոչ միայն որևէ կուսակցության կամ դաշինքի կողմից, այլ նաև իրավունք ունեն գրանցվել որպես անկախ թեկնածուներ: 5 պահպանողական թեկնածուներից 2-ը ներկայացված էին պահպանողական դաշինքի կողմից, 3-ը՝ անկախ թեկնածուներ էին, այդ թվում այաթոլլա Իհրահիմ Ռայիսին: Նա նախորդ ընտրություններում պшրտվել էր Ռոհանիին: Երբ մայիսին թեկնածուների անունները հայտարարվեց, ես գրեցի, որ կարող ենք Ռայիսիին շնորհավորել որպես հաջորդ նախագահ: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ հաջորդ նախագահը նա է լինելու: Ինձ համար որևէ անակնկալ չկար այդ առումով: Ես նորից մի հետազոտություն արեցի և դարձյալ գրեցի, որ նախագահ է լինելու Ռայիսին, ով ունի հստակ պահպանողական դիրքորոշում:
Ի՞նչ կարող ենք ակնկալել հայ-իրանական հարաբերություններում:
Սովորաբար հայ-իրանական հարաբերություններում պահպանողականներն ավելի շահագրգիռ են երկրի շահերը պաշտպանելու հարցում: Մյուս կողմից հիշենք, որ արտաքին քաղաքականությունը ոչ թե նախագահն է որոշում, այլ երկրի ռազմաքաղաքական կրոնական առաջին դեմք հանդիսացող Հեղափոխության առաջնորդը՝ տվյալ դեպքում այաթոլլա Խամենեին:
Դա Սահմանադրությամբ իր լիազորությունների մեջ է մտնում: Ավելին ասեմ, այս ընտրությունների առիթով նա ելույթ է ունեցել և հայտարարել, որ ժողովրդին չի հետաքրքրում արտաքին քաղաքականությունը, այլ հետաքրքրում է իրենց կյանքի որակը, տնտեսությունը: Ամբողջ քարոզարշավի ընթացքում երեք հեռուստաբանավեճ է տեղի ունեցել, և ոչ մեկի ժամանակ արտաքին քաղաքականությունը ընդգծված նշանակություն չի ունեցել, այսինքն թեկնածուները դրան չանդրադարձան: Ես կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու, իսկ եթե որևէ փոփոխություն տեղի ունենա, կարելի է վստահաբար ասել, որ դա լինելու է դեպի դրականը:
Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրի և Նորդուզ անցակետերի միջև: Սա ինչպե՞ս եք գնահատում:
Եթե նայենք համաձայնություններին, որ երկու երկրների միջև կայացել են, դրանց ընդամենը 10 տոկոսն է իրականություն դարձել: Ես կարծում եմ՝ այդ հարցում համագործակցությունը խիստ անհրաժեշտ է, որպեսզի шրգելшկվեն թուրք-ադրբեջանական պլանները՝ կապված ինչ-որ միջանցքներ տրամադրելու հետ: Հետևաբար, այդ հարցում ինչ քայլ էլ որ անեն Հայաստանն ու Իրանը, ես դրան միայն կողմ կլինեմ և կհամարեմ անհրաժեշտություն:
Հաղորդում է «Լրագիր»-ը