Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա այս տարի կնվազի ավելի քան 60 տոկոսով՝ օդային ճանապարհորդության և բանկային քարտերով ծառայությունների վճարման հետ կապված խնդիրների պատճառով։
Թուրքիայի զբոսաշրջությունը մեծ հարված է ստացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համապարփակ պատերազմից և պատժամիջոցներից:
Անթալիայում զբոսաշրջային գործակալության մենեջերներից մեկի՝ Ֆիրաթ Սոլակմայի խոսքերով, Թուրքիայի հյուրանոցային հատվածը ամենաշատը տուժել է պատերազմից։
«Մենք արդեն պետք է ամրագրված տեղեր ունենայինք հուլիս-օգոստոս ամիսների համար, բայց Ռուսաստանից պահանջարկ գրեթե չկա, ամրագրումներ չկան»,- ասել է աղբյուրը։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունների վարձակալած ինքնաթիռները չեն կարող թռչել Ռուսաստանի սահմաններից դուրս, քանի որ դրանք կարող են ձերբակալվել։
«Ամենամեծ խնդիրը թռիչքներն են։ Նախկինում հյուրերը չարտերային չվերթով թռչում էին Անթալիա, բայց դա այլևս հնարավոր չէ, մենք փորձում ենք լուծում գտնել։ Նախկինում մայիս ամսին օրական ընդունում էինք մինչև 10 հազար հյուր , իսկ հիմա 500 կամ պակաս»,- ասում է Անթալիայի զբոսավարների ասոցիացիայի ղեկավար Մուրատ Յալչին Յալչինկայան։
Այս կապակցությամբ թուրքական կառավարությունն աշխատում է ռուս զբոսաշրջիկներին թուրքական ինքնաթիռներով տեղափոխելու ուղղությամբ: Սակայն կա ևս մեկ խնդիր՝ վճարումը։ Mastercard և Visa վարկային քարտերի թողարկողները դադարեցրել են Ռուսաստանի Դաշնությունում թողարկված քարտերի սպասարկումն այս երկրի սահմաններից դուրս։
«Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները վճարում են կանխիկով կամ «Միռ» քարտերով Mastercard-ը , Visa-ն և այլ քարտեր այլևս չեն աշխատում:», — ասել է վերլուծաբան Սամեդ Կիզգինը:
Լրագրողների զրուցակիցների խոսքով՝ մարտին Թուրքիա են այցելել գրեթե 50%-ով ավելի քիչ ռուս զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս պահին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն ակնկալում է այս տարի ընդունել 1-ից մինչև 1,2 միլիոն այցելու Ռուսաստանից՝ անցյալ տարի Թուրքիա ժամանած 5 միլիոնի փոխարեն:
2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, առաջին անգամ շոշափելի արժեզրկում է գրանցել դոլարի նկատմամբ: Վերջին ամիսներին թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց տատանվում էր 14.5-14.7 -ի շրջանակներում: Մայիսի 9-ին դոլարի փոխարժեքը հասավ և անցավ 15 լիրան:
Արդեն մայիսի 10-ին, օրվա ընթացքում արդեն ամերիկյան արժույթի գինը 15.9 լիրայիցից հասել է 15.25 լիրայի: Աճի միտումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Թուրքիային ռուս հյուրերին ընդունելու համար։ Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար Թուրքիայի իշխանությունները այս հարցում «երկակի ստանդարտներ» են կիրառում։