ԵՄ երկրների ղեկավարները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են էմբարգո սահմանել նավահանգիստներով ռուսական նավթի ներկրման վրա և անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ «ՍբերԲանկ»-ը SWIFT համակարգից։ Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյան ԵՄ գագաթնաժողովի առաջին հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Բացի այդ, Շառլ Միշելի խոսքերով, Եվրամիությունը կարգելի ռուսաստանյան ևս երեք պետական լրատվամիջոցների գործունեությունը իր տարածքում։
Ծովային, նավահանգիստների միջոցով ներմուծումը կազմում է նավթի և նավթամթերքի երկու երրորդը, որը Ռուսաստանը վաճառում է ԵՄ երկրներին։ Մնացածը անցնում է նավթամուղով, ներկրման այս տեսակի արգելքին դեմ է եղել Հունգարիան։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը պատժամիջոցների վեցերորդ փուլի նախաձեռնողն էր, երկուշաբթի երեկոյան ասել է, որ Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ հրաժարվել Ռուսաստանից նավթի ներկրման 90%-ից։