ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկ չի ստացել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ղեկավարների հետ, սակայն նրանց թվում առ այսօր չի եղել ՀԱԿ-ը, որի առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
ՀԱԿ փոխնախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման առաջարկ չի եղել.
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պաշտոնական առաջարկ չի եղել, եթե լինի պաշտոնական առաջարկ, կքննարկենք»,-ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նախորդ հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերին առաջարկել է ստեղծել արտախորհրդարանական ուժերի շփումների ֆորմատ, որ այդ ուժերի ձայնը ևս լսելի լինի։
Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ-ը այս ֆորմատով կհամագործակցի՞ արտախորհրդարանական ուժերի հետ.
«Մեր քաղաքական օրակարգը շատ լավ գիտենք, լավ գիտենք ինչով ենք զբաղվում և ինչով ենք զբաղվելու: Եթե որևէ նպատակի իրագործման համար պետք լինի համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ, մենք դա կանենք և դրա մասին կհայտարարենք»,-ասաց Զուրաբյանը:
Աղբյուր` Փաստինֆո