Նոյեմբերի 24-ին վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի առցանց ձևաչափով հանդիպումը ՌԴ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։ Հաղորդում է «Ալիք Մեդիան»:
Հանդիպմանը ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին և այս համատեքստում նախատեսված միջոցառումներին, ինչին ի պատասխան Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ վրացական կողմը չի քննարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հարցը։
«3+3» ձևաչափը ենթադրում է Կովկասյան տարածաշրջանի երկրների միջև համագործակցություն, որտեղ միավորված են Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։
Հարկ է նշել, որ Վրաստանը ձևաչափի մասին քննարկումների մեկնարկից ի վեր դեմ է արտահայտվում որևէ ձևով ներգրավվածության հարցին, շեշտելով վրաց-ռուսական հարաբերություններն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների oկnւպшցnւմը:
Աբաշիձե-Կարասին հանդիպումները վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափ են, որոնք պարբերաբար անցկացվում են։
Հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ։