Հարձակման ինտենսիվությունը թուլացել է, բայց գյուղում շրջելը վտանգավոր է․ Կութի վարչական ղեկավար

«Էս պահին, թեև կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է, սակայն գյուղում շրջելը վտանգավոր է»,- այս մասին ասաց Վարդենիս համայնքի Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը: Նրա խոսքով՝ կեսգիշերից հետո գյուղը ռմբակոծվել է գրեթե տասը ժամ:

Հակառակորդի կողմից օգտագործվել է ծանր տեխնիկա՝ հրետանի։ «Գյուղը թիրախավորված էր, կրակում էին բնակելի տներին, ռմբակոծվել է նաև գյուղապետերանը, վնասվել են մի շարք շենք-շինություններ: Այս պահին չենք կարողանում գնալ ու վնասի չափը գնահատել, քանի որ կրակոցները, թեկուզ թույլ, բայց շարունակվում են: Լավ է, վիրավորներ չունենք, հասցրել են դուրս գալ, տարհանվել են կանայք ու երեխաները»,- հավելեց Ավագյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ այս պահի դրությամբ ունենք առնվազն 49 զոհ, որոնց թիվը կարող է ավելանալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս