Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին գավաթի խաղարկությունից

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու պարտիաների ընդհանուր հաշվով Շախրիյար Մամեդյարովը դուրս մնաց հետագա պայքարից:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս