Սպանդարյան փողոցը կկրի Տիգրան Մեծի անունը , Օրջոնիկիձե փողոցը կկրի Դավիթ Անհաղթի անունը

Էջմիածին քաղաքում շուրջ 22 փողոց կանվանափոխվի հայազգի կամ հայանպաստ գործունեություն ծավալած գործիչների, գրողների ու երաժիշտների անուններով:

Առաջիկայում Էջմիածին քաղաքի մի շարք փողոցներ նոր անուններ կունենան: Սա քաղաքի ավագանու որոշումն էր, որն արտահերթ նիստի օրակարգ էր մտել քաղաքապետ Դիանա Գասպարյանի առաջարկով:

«Մենք ունենք անբարեհունչ, ռուսական, բոլշևիկյան տարբեր անուններով փողոցներ և ունենք մեծություններ, որոնց անունով Էջմիածնում փողոցներ չկան: Այդ պատճառով նախաձեռնեցինք մեկ փաթեթով մի շարք փողոցների անուններ փոխելը: Բացի այդ ժամանակին ունեցել ենք մենք առաջարկությունների փաթեթ՝ 90-ականների վերջին, որ փողոցն ինչ անուն պետք է ստանա»,- ասում է քաղաքապետը:

Էջմիածնում նախատեսել են փոխել խորհրդային սոցիալիստական հասարակարգի հետ կապված հասարակակական, քաղաքական գործիչների անուններն ազգային ազшտшգրшկшն շարժման առաջնորդների, հերոսների, գաղափարախոսների, հայ գրողների ու երաժիշտների անուններով.

«Առաջարկվում է Սպանդարյան փողոցն անվանափոխել Տիգրան Մեծի փողոց, քանի որ այդ փողոցի այգում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը: Օրջոնիկիձե փողոցն անվանել Դավիթ Անհաղթի, Մռավյանը՝ Րաֆֆու, Կամո փողոցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ղարիբջանյանը՝ Իսրայել Օրու և այլն»:

Էջմիածնում մի քանի տարի առաջ ավագանու տարբեր որոշումներով փոփոխել էր մի քանի փողոցի անուն ևս. «Կիրովի փողոցը դարձել է Վազգեն Առաջինի փողոց, Դմիտրովը՝ Պետրոզավոդսկի, եթե չեմ սխալվում Իսակովն էլ է փոխվել, կեսը դարձել է Արամ Ասատրյանի անվամբ: Սվերդլովի անվան փողոց կար»:

ԽՍՀՄ պետական գործիչ Յակով Սվերդլովի անունը կրող փողոցը դեռ 2011-ին է անվանակոչվել հայազգի ԽՍՀՄ վաստակավոր մանկավարժ Հայկ Դանղյանի անվամբ: Անվանափոխությունում տեղ է գտել նաև անվանի հայագետ, անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի անունը: Բոլշևիկյան հեղա փոխության առաջնորդ Լենինի կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի անունը կրող փողոցն այսուհետ կկրի Ջորջ Բայրոնի անունը, իսկ ռուս արձակագիր, հրապարակախոս Միխայիլ Շոլոխովի փողոցը կանվանափոխվի ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի անվամբ: Առաջարկվող անվանացանկում Խրիմյան Հայրիկի, Հայկ Նահապետի, Մոնթե Մելքոնյանի Վիլյամ Սարոյանի անունների կողքին տեղ է գտել նաև ճարտարապետ Սոս Մանուկյանի անունը: Առաջարկությունը ճարտարապետների պալատից էր: Ո՞վ է Սոս Մանուկյանը:

«Սոս Մանուկյանը 20-րդ դարասկզբի հայ ճարտարապետ է, որը շատ մեծ ներդրում ունի Էջմիածին քաղաքի հատակագծի կազմման հարցում, այն ավարտել է դեռևս 1939 թ-ին: Հայրենական պատերազմի ժամանակ և հետո՝ 1944-1950 թթ-ին հասարակական կարգով կատարել է քաղաքի գլխավոր ճարտարապետի պարտականությունները: Նա կառուցել է մեր մշակույթի տունը, հյուրանոցը, մեծ հանրախանութը, քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոցի շենքը, նախկին կոլտնտեսության վարչության շենքը, որտեղ հիմա ապրում է Սեյրան Սարոյանը: Սոս Մանուկյանը «Վաստակավոր շինարարի» կոչում ունի»,- ներկայացնում է Վաղարշապատի թիվ 7 դպրոցի տնօրեն, Էջմիածնի ավագանու անդամ Վարուժան Հայրապետյանը:

Էջմիածին քաղաքում կա նույնանուն 2 փողոց՝ մեկը Զվարթնոց թաղամասում, մյուսը՝ քաղաքի կենտրոնում, երկուսն էլ կրում են Մեսրոպ Մաշտոցի անունը: Զվարթնոց թաղամասում Մաշտոցի փողոցն անվանակոչվելու է Առնո Բաբաջանյանի անվամբ: Ըստ քաղաքապետ Դիանա Գասպարյանի, Արամ Մանուկյան թաղամասի կրկնվող համարներով փողոցները հետագայում կանվանակոչեն նկարիչների անուններով, Վահան Տերյան թաղամասինը՝ հայ գրողների: Առայժմ անվանափոխել են այն փողոցները, որտեղ նոր համարակալման անհրաժեշտություն չկա:

Անվանափոխությունները ներկայացվելու են աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող լիազոր մարմնին՝ պետական գրանցում իրականացնելու համար:

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս