Վաշինգտոնի հայտարարությունում տողատակեր կան. Հայաստանում պետք է բավականին ուշադրությամբ ուսումնասիրի

Վաշինգտոնում տեղի է ունեցել համացանցային կոնֆերանս «Թուրքական ժառանգություն» խորագրով, որին մասնակցել է նաև ԱՄՆ պետքատուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Քենթը արել է մի քանի ուշագրավ հայտարարություն արցախյան հարցի և իրավիճակի առնչությամբ: Մասնավորապես, նա ասել է, թե տպավորություն կա, որ Ռուսաստանը չի ցանկանում լուծել հարցը նաև այս պատերազմից հետո և դիտարկում է չլուծվածությունը որպես ազդեցության միջոց: Քենթը հայտարարել է, թե երկարաժամկետ հեռանկարում դիտարկում են ռուս խաղաղապահների ներկայության առնչությամբ Ադրբեջանի դժգոհություն:

Քենթը ողջունել է կրակի դադարեցումը՝ նշելով, սակայն, որ առկա են երկարաժամկետ մտահոգություններ ու ռիսկեր, թե ինչպես հասնել երկարաժամկետ ու հաստատուն կարգավորման, որը թույլ կտա երկրներին շարժվել առաջ: Նա այդ համատեքստում խոսել է Մինսկի խմբի մարտահրավերների մասին՝ հարց տալով, թե կա՞ արդյոք շարունակության պահանջ: Վաշինգտոնում Քենթի հայտարարությունները պետք է բավականին ուշադրությամբ ուսումնասիրվեն Հայաստանում:

Դրանցում կան բազմաշերտ տողատակեր, որոնք մեզ պետք է մղեն երկարաժամկետ սցենարների շուրջ աշխատանքի և պատրաստվածության: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գնահատականում շոշափվում է մտահոգություն, որ Ռուսաստանը, ռազմական իմաստով ամրանալով Արցախում, կարող է այդ հանգամանքը օգտագործել որպես կոնֆլիկտի վրա ռեգիոնալ խաղ կառուցելու նոր ռեսուրս:

Բանն այն է, որ եթե դիտարկվում է Ռուսաստանի այդպիսի հավանական մտադրություն, ապա կարող է լինել նաև դրա հակադարձում: Իսկ հակադարձումը կարող է լինել հենց ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական դժգոհություն գեներացնելով, ինչը իր հերթին կարող է բերել կոնֆլիկտի թեժացման նոր ռիսկերի: Հայաստանը դարձյալ կարող է հայտնվել աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:

Սա ևս մեկ անգամ ակնառու է դարձնում, որ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական աշխատանքը պետք է կրի բազմավեկտոր բնույթ և ինտենսիվ լինի ոչ միայն Ռուսաստանի, այլև առնվազն ԱՄՆ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ձևավորել երաշխիքներ, երբ ռուս խաղաղապահների ներկայությունից ադրբեջանա-թուրքական հնարավոր դժգոհությունը՝ ժամանակի ընթացքում, որի հավանականության մասին ինքս առիթ եմ ունեցել գրելու անցնող ամիսներին, չի կապիտալիզացվի Արցախի դեմ, և այդ դժգոհությունը չի վայելի ԱՄՆ լուռ կամ բացահայտ աջակցությունը, և Արցախը այդ իմաստով չի դիտվի խնդիր, որտեղ պետք է թուրք-ադրբեջանական տանդեմի ռեսուրսով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը:

Սրանք լրջագույն հարցեր են, որոնք պետք է լինեն հայկական հանրույթի քննարկման առարկան, ինչի փոխարեն, սակայն, Հայաստանը բերվում է ընդամենը «թուրքական վտանգի» և «ռուսական փրկության» պրիմիտիվության և քաղաքական միապաղաղության դաշտ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս