«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբաքրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել ենք համապատասխան կառույցներին: Որոշ զարգացումներ եղան: Սակայն այդ զարգացումները չեն արտացոլում առկա ողջ հնարավորությունները: Քուրդ-արաբական դաշինքի համար նաև պատմական ամուր հիմք կա»:
Բայըքը նաև նշել է, որ Իրաքում քրդական խնդիրը մեծապես լուծված է և նրա կարծիքով նույնը տեղի կունենա նաև Սիրիայում։ Քուրդ գործչի կարծիքով սրանք այն հիմքերն են, որոնք կամրապնդեն քուրդ-արաբական դաշինքը։ Ըստ Բայըքի մեկնաբանության՝ քրդական խնդրի ժողովրդավարական ճանապարհով լուծումից զատ իրենք այլ թաքնված օրակարգ չունեն:
Քուրդ գործիչը նաև հավելել է.
«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ քրդական քաղաքական ուժերը ավելի ակտիվ գործեն քուրդ-արաբական միասնության զարգացման գործում ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում։ Քրդերը պետք է հաղթահարեն նեղ ազգայնական մոտեցումները Բաղդադում և Դամասկոսում: Որովհետև քուրդ-արաբական դաշինքի հիմքը դրված է առաջին հերթին Իրաքում և Սիրիայում։ Սա փոխում է Մերձավոր Արևելքի դեմքը: Այն ուժը, որը կшսեցնելու է թուրքական պետության նեոօսմանյան երազանքները, քուրդ-արաբական դաշինքն է։ Թուրքական կառավարության 19-ամյա քաղաքականությունը ցույց տվեց այս իրողությունը թե՛ քրդերին, թե՛ արաբ ժողովուրդներին»։