Մոսկվան սերտորեն աշխատում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ղարաբաղյան խնդրի բոլոր ասպեկտների շուրջ. ՌԴ ԱԳՆ
«Այսօր հրադադարը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, որը տեղակայված է կողմերի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքում: Տարածաշրջանում մեր խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն Ղարաբաղում, այլեւ Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում ընդհանրապես:
Կցանկանայի միաժամանակ շեշտել, որ հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի առաջնորդները հաստատել են հենց այս ուղղությամբ ընթանալու պատրաստակամությունը: Այս նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ: Խմբի հիմնական խնդիրն է տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 30-ին Մոսկվայում: Հիմա աշխատանքը սկսում են երեք երկրների մասնագետները՝ իրենց ճյուղային մասնագիտացման մասով: Ընդ որում՝ մենք տնտեսական վերականգնման հեռանկարները դիտարկում ենք Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում:
Ելնում ենք այն փաստից, որ խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր գործընկերների շահերից, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի: Նրանց աջակցության հույս ունենք Բաքվի եւ Երեւանի նպատակադրությանը հարաբերությունները կարգավորելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվածությունների հունում:
Ակնկալում ենք, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կօգնեն հեռանկարում բարենպաստ միջավայր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման ոչ հակամարտային մոտեցումների մշակման համար: Կցանկանայի նշել, որ այս պահանջարկված ձեւաչափի առումով մշակված մի շարք սկզբունքներ իրենց արտացոլումն են գտել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում»,- նշել է նա:
News.am