Այսօր Սասուն Միքայելյանի (Կամանդիրի) ծննդյան օրն է

Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (1997) և Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (2002)։ 1978-1983 թվականներին աշխատել է ՌԴ Դոնի Ռոստով, Կուրգան, Չելյաբինսկ քաղաքների շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թվականներին՝ Հրազդանի ավտոձեռնարկաթյունում, 1996-1999 թվականներին՝ Հրազդանի քաղաքապետ։

1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։

1990-1994 թվականներին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

1993 թվականին եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։

‘Elq’ Alliance holds a pre-election campaign on Aznavour Square

2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 25 ընտրատարածքից։

2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։

2011-2012 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:

2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ ապրիլյան քառօրյա պատերազմին Հայաստանի պաշտապանության համար։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով՝ հավաքելով ավելի քան 30000 քվե։

Հայկական հեղափոխությունից և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ անդամներ և այլ ազատամարտիկներ առաջարկել էին Սասուն Միքայելյանին առաջադրել իր թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում, սակայն վերջինս հրապարակայնորեն կտրականապես հրաժարվել էր այդ գաղափարից: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Միքայելյանը առաջադրել է իր թեկնածությունը, ապա՝ 2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս